14.12.2024
Իրանը հետքրքրված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, բայց դեռ կսպասի. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Խոշոր բրիտանական բանկը սկանդալային բացահայտման էպիկենտրոնում

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում:

Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:

Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:

Մայր Աթոռի մամուլի խոսնակը ICIJ-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ այդ հաշվեհամարը բացվել է ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով:

«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:

Հայ Առաքելական Եկեղեցին, համաձայն օրենսդրության, ազատված է հարկերից:

Կաթողիկոսի մամուլի խոսնակը նաև ավելացրել է, որ այդպես եղել է Վազգեն առաջինի, Գարեգին առաջինի և Գարեգին երկրորդ կաթողիկոսի պարագայում: Հաշվեհամարը նախորդ կաթողիկոսի մահից հետո փոխանցել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխում:

Ըստ հրապարակման՝ բանկային համակարգի գիգանտ HSBC-ին եկամուտներ ստանում զենքի վաճառքի գործակալների, երրորդ աշխարհի երկրների բռանապետերի, «արյունոտ ադամանդների» վաճառքի և միջազգային հանցավոր այլ բիզնեսներից, տեղեկացնում է hetq.am-ը:

Բացահայտված փաստաթղթերում առկա են նախկին ու գործող քաղաքական գործիչների անուններ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից,Զիմբաբվեից և այլ երկրներից: Այս բանկում հաշվեհամարներ ունեն թագավորական ընտանիքների անդամներ, միապետեր, սպորտսմեններ, կինոաստղեր: Կան նաև գործարարներ, որոնց նկատմամբ ներկա պահին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում:

Մասնավորապես, նրանց թվում է թուրք գործարար Սելիմ Ալգուադիսը, ով կասկածվում է Լիբիայում միջուկային գաղտի զենք ստեղծելու ծրագրի համար բարդ էլեկտրատեխնիկական սարքավորումներ մատակարարելու մեջ, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Փաստաթղթերի ուսումնասիրությանը ցույց է տալիս, որ շատ հաճախորդներ լրացուցիչ քայլերի են դիմել իրենց ինքնությունը գաղտնի պահելու համար, չնայած բանկը նրանց հավաստիացրել է շվեյցարական բանկային համակարգի գաղտնապահության մասին: Ընդհանուր առմամբ HSBC-ի շվեյցարական մասնաճյուղում 203 երկրներից 106 հազար հաճախորդների հաշվեհամարներումավելի քան 100 միլիարդ դոլար կա:

Հայ հաճախորդների գումարները համեմատաբար համեստ են: Նշված է, որ Հայաստանին առնչվող հաճախորդի ամենամեծ հաշիվը 5 միլիոն 800 հազար դոլար է: Սակայն կաթողիկոսի բացի այլ անուններ չեն նշվում: Ըստ գումարային մեծության դասակարգված ցանկում «հայկական հաշիվները» գտնվում են 146-րդ տեղում: Առաջին Շվեյցարիան է, հետո Մեծ Բրիտանիան, երրորդ տեղում՝ Վենեսուելան։ Հայստանի հարևան երկրներից ամենաշատ գումարներ շվեյցարական բանկում ունեն թուրքերը, թուրք հաճախորդների գումարները կազմում են 3 միլիարդ 500 միլիոն դոլար:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության թիմը այս հետազոտությունը կատարել է օգտվելով HSBC-ի նախկին աշխատակիցներից մեկի բացահայտումից, ով 2008-ին գաղտնի տվյալները փոխանցել էր Ֆրանսիային: Ֆրանսիայի հարկային մարմինները սկսել էին հարկերից խուսափելու գործերով հետաքննություն անցկացնել:

Le Monde թերթը, ձեռք բերելով հարկային մարմիններին փոխանցված տվյալները, Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության հետ պայմանավորվել էր լրագրողների մեծ թիմ ձևավորել՝ուսումնասիրելու հազարավոր փաստաթղթերը:

Այս գաղտնազերծումը հիմնված է բանկի Ժնևի բաժանմունքում 2007թ. աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի վրա: Փաստաթղթերը պարունակել են 100 հազար հաճախորդի տվյալներ տարբեր երկրներից: