25.11.2024
Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի
prev Նախորդ նորություն

Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ. Արշակյանը՝ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:


Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:


Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը:


«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար»,-փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:


Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:


Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարեւորել է այս ձեւաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:


Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին եւ այս հարցում կարեւորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:


Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին եւ հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին:


Բաբկեն Թունյանը, կարեւորելով տնտեսական համագործակցության խթանումը, կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը:


Կողմերը կարեւորել են նաեւ համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում: