Ադրբեջանի պահվածքը նման է միջազգային խուլիգանության. Փաշինյան
Լայնամասշտաբ բախումների սպառնալիքը կապված է ոչ թե Ադրբեջանի զինված ուժերի լոկալ կուտակումների, այլ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ։ Այս մասին նոյեմբերի 23-ի երեկոյան առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական կողմի խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ այդ թվում՝ միջազգային հանրության ներգրավմամբ, դադարեցվի այդ քաղաքականությունը։ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դարձել, և մենք այդ ագրեսիան պետք է օգտագործենք նրանց դեմ», - պարզաբանել է նա։
Ինչ-որ միջանցքի մասին հայտարարությունները, Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումները, կարծում է Փաշինյանը, սկսում են նմանվել միջազգային խուլիգանությանը։ «Եվ մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք այս խուլիգանությունը, որի մասին ես խոսելու եմ նաև ժողովրդավարության գագաթնաժողովում, որին ես մասնակցելու եմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, քանի որ կազմակերպությունը փաստացի չի արձագանքել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
«Մենք չենք դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ Մենք գնահատում ենք մեր ՀԱՊԿ-ի դաշնակցի՝ Ռուսաստանի ջանքերը։ Բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ։ Մենք դա հասկանում ենք, բայց նաև ինքներս ենք ասում, որ Հայաստանն իրեն չի դնի միջազգային հանրության ներգրավման փորձերի մեջ», - հայտարարել է նա։