23.11.2024
Թուրքական աշխարհը գլոբալիստական ուժերին է պետք ՌԴ ու Չինաստանի հետ մրցակցության համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արմեն Սարգսյանը չի հերքում, որ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը: Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե վերոնշյալ հրապարակման մասով ինչ մեկնաբանություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է VH Estate ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է այդ թեմայի շուրջ մամուլի հրապարակումներին, ապա դրանցում նշված տեղեկությունները բնավ գաղտնի չեն, ընդհակառակը՝ հրապարակային են եւ հասանելի բաց աղբյուրներում»: Ստացվում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի հերքում, որ զբաղեցնելով քաղաքական (ոչ կոմերցիոն) բնույթի կազմակերպության տնօրենի պաշտոնը՝ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, այլեւ չի հերքում դրանց արժողության (գնի) մասին տեղեկությունը: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում նման իրավիճակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ բողոքի ակցիաներ արեցին Երեւանում՝ փողոցներ փակեցին, իշխանությանն ուղղված կոչեր հնչեցրին։ Հայտարարվեց ազատագրական շարժման մեկնարկը, նպատակն է՝ կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագրի իրականացումը։ Ցուցարարները պահանջում էին հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, միջանցք չտրամադրել թշնամուն, զինել առաջնագիծը եւ այլն։ Ակցիայի հանրահայտ դեմքերից էին հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը եւ այլք։ Իսկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ասես ընդհատակ անցած լինեին՝ ո՛չ ակցիային մասնակցեցին, ո՛չ էլ զանգերին էին պատասխանում։ Նշենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթին կողմ է նաեւ ՌԴ-ն, հավանաբար, ռուսամետ ընդդիմադիրները դեռեւս ծանրութեթեւ են անում՝ ինչ մարտավարություն ընտրել, որ հակառուսական գծի մեջ չհայտնվեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով: Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում է «ծամծմված», երկարաշունչ, թեմայից թեմա նետվելով, ինչպես ասում են, вокруг да около, պետք է ենթադրել, որ նա հազիվ կարողանա պատասխանել 10-15 հարցի: Այնինչ, երեկ մինչ երեկո նրա գրառման տակ 1000-ից ավելի արձագանք կար: Ու թեպետ հստակ նշված էր, որ պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, արձագանքների մեծ մասը քաղաքացիների կողմից էր: Ընդ որում, դրանք դժվար է նույնիսկ հարց անվանել: Նախ՝ ակնհայտ էր ուղղորդված, կազմակերպված արձագանքների բավականին մեծ քանակը՝ «մեր փրկիչ», «մեր սիրելի վարչապետ» ստանդարտ ոճի մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, գերակշռում էր «ե՞րբ եք հեռանալու» հարցը՝ ամենատարբեր ձևակերպումներով: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ շուտով կարող է հրապարակվել «100 փաստ», բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, այլ ընդդիմադիր շրջանակների: Խոսքը Փաշինյանի ու իր կառավարության ձախողած «100 փաստի» մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դրա հրապարակումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռ չեն կարողանում բոլոր ոլորտներում ձախողումների հազարավոր փաստերից ընտրել ամենաակնառու 100-ը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը: Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանը, «ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել», շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե ով է, ի վերջո, Հրաչյա Մուշեղյանը, և առաջին հերթին ուսումնասիրեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի կայքում հրապարակված հայտարարագրերը: Բացի այն, որ Մուշեղյանը 2019 և 2020 թվականներին, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 6 հողամաս, ինչպես նաև բավական շոշափելի դրամական միջոցներ (ասենք՝ միայն կանխիկ 39 մլն դրամ), մի ուշագրավ կետի հանդիպեցինք: Մասնավորաբար, հայտարարատու անձի ընտանիքի անդամի, տվալ դեպքում՝ կնոջ 2019 թ. հայտարարագրում «Խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները» տողում նշված է 5420 ԱՄՆ դոլար: Հասկանալի է, որ առանց «խաղալու» նման եկամուտ չես ունենա: Չնայած բուքմեյքերական ընկերության անունը հայտարարագրում նշված է, սակայն այն չենք հրապարակում գովազդ կամ հակագովազդ չդիտվելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 15 հոգանոց պատվիրակության կազմում ներառված է նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անունը, սակայն տեղեկացանք, որ Մարգարյանը չի մեկնել, նրա շրջապատից պատճառաբանեցին՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։ Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքին անտեսել են։ Նոյեմբերի 24-ին էլ Փարիզից Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Նրանց կմիանա ՔՊ-ական մի քանի պատգամավոր Հայաստանից՝ 24-26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ այլ կարգադրությամբ էլ նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է փոխնախագահ Հակոբ Արշակյանի վրա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: «Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ: «Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտնել, որովհետև, ըստ էության, Դավիթ Գալստյանի մասով որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց ինքը կմասնակցի, տեղի չեն ունենում: Մեր մոտ ամենակարևոր հանգամանքը, որը պետք է քրեական գործով պարզվի, խոսքը ապրանքի որակի մասին է, ամբողջությամբ վիժեցվել է, և որևէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարվում: Բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ նույնպես անպատասխան ու անհետևանք են մնում»,- ասաց Հարությունյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ եւս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկությունները: Թե ո՞րը կարող է լինել այդ, այսպես ասած, ընդունելի տարբերակը, պարզեցինք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը:


– Մինիմալ մեր ծրագիրը պետք է լինի 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների տարբերակով իրականությունը վերականգնելը, որը ռուսների համար շատ ձեռնտու կլինի: Այսօր շատ անորոշ վիճակ է, թե ռուս զինվորը ո՞ր հատվածն է պահպանում` որպես խաղաղապահ: Իսկ այս տարբերակով նա հստակ կունենա հրահանգ, որ սա է սահմանը, որի շրջանակներում պետք է իրականացնի իր ծառայությունը: Իսկ մաքսիմում ծրագիրը կարող է լինել 1994 թվականի սահմանների վերականգնումը, որովհետեւ այն 1736 թվականի Խանսայի մելիքության նույն սահմաններն են: Պատահական չէր, որ ժամանակին Նադիր Շահը մեզ շնորհեց այդ մելիքությունը, որն ամբողջապես ներառում է հենց այդ տարածքը: Այսինքն` սա էր Արցախի այն բնական սահմանը, որը նաեւ պաշտպանված է հարեւաններից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումները նվիրված են լինելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմային: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 19-ին է շրջանառության մեջ դրել այդ թեմայով նախագիծը: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծով ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը: Բացի այս, նրանք կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները, իսկ արդեն միջազգային կազմակերպություններին եւ բարեկամ երկրներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը փորձել է ոչ ՔՊ-ական այն համայնքապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է օրերս, արտաքսել համայնքապետարանների շենքից, սակայն ամեն տեղ չէ, որ ուժը պատել է։ Եթե Արտաշատի եւ Վեդիի շրջանում մի քանի հաջող փորձեր է ունեցել, ապա Արարատի հատվածում, որտեղ ամուր են Գրիգորյանների դիրքերը, եւ համայնքապետերի մեծ մասը նրանց մարդիկ են, նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Մեզ ասացին, որ մի քանի համայնքում մարզպետը զանգել է տեղի ՔՊ-ականներին կամ ՔՊ համակիրներին, ուղիղ հանձնարարել՝ գյուղապետերին դուրս վռնդել համայնքապետարաններից, սակայն գյուղացիները չեն համաձայնել եւ մարզպետին ասել են՝ միայն իր գլխավորությամբ ու իր ներկայությամբ կանեն դա, Թեւոնյանն էլ հրաժարվել է կացնային որոշում ընդունել՝ վախենալով, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը։ Հիշեցնենք, որ գոնե 2 համայնքում ընտրությունների շեմին ԺՊ նշանակելն ավարտվեց բողոքի ակցիաներով՝ Բյուրականում եւ Քասախում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ շաբաթ ընդունվեց հիպոտեկին ուղղվող եկամտային հարկի ծրագրի սահմանափակմանը վերաբերող նախագիծը: Առաջարկվել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը: Օրինագծի հեղինակների հիմնավորմամբ, կառուցապատողները ծրագրեր են սկսել գրեթե միայն Երևանում, հնարավորության դեպքում՝ կենտրոնում, ինչի հետևանքով մարզերն ամբողջությամբ անտեսվել են։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիմնավորումը տեսականորեն դրական ու իրատեսական մոտեցում է համարում, որովհետև այդպիսով տարածքային համաչափ զարգացման խնդիր է լուծվում: Նա հիշեցրեց, որ եկամտահարկի վերադարձելությունն ի սկզբանե եղել է ժամանակավոր, որի հիմքում պետության խթանող քաղաքականությունն է եղել: Սա՝ տեսականորեն: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, կա նաև իրականություն, որտեղ այլ իրավիճակ է:


«Մենք հիմա չենք կարող խնդրին վերաբերվել տեսականորեն, ընդունել ի գիտություն ու առաջ շարժվել այն պարզ պատճառով, որ զուգահեռ ունենք իրականություն: Այդ իրականությունն այնքան սուղ, այնքան բարդ է բոլոր ուղղություններով, որ դրանից ուղղակի կտրվելը ու տեսականորեն իրականացնելն այն, ինչ մշակված է եղել ոչ ճգնաժամային, նաև անվտանգային կայուն իրավիճակներում, սխալական մոտեցում է: Ճիշտ չէ փորձել ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Այս ամենից ելնելով՝ առաջարկում եմ խնդրին ու եկամտահարկի վերադարձելության ծրագիրը հետզհետե հանելուն մոտենալ երկու հիմնական ուղղությամբ: Առաջին հերթին հաշվի առնենք բարոյական կողմը: Մենք այդ նախագծի ընդունումից ժամեր առաջ ՀՀ սուվերեն տարածքում ականատես եղանք մարտական գործողությունների: Այսինքն, անվտանգային խնդիրներն ծայրահեղ սուր են ու որևէ կերպ չլուծված, և բոլոր առումներով զարմանալի է այդ գործողություններից ժամեր անց նման նախագիծ քննարկելն ու ընդունելը: Մեծ հաշվով՝ առաջնահերթությունների խնդիր կա: Մենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների առումով մշակված առաջնահերթություններ ունե՞նք: Եթե այդ ցանկը կա, ապա եկամտահարկի վերադարձելությունը մոտավորապես ո՞ր տեղերում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ամիրխանյանը:


Անդրադառնալով օրինագծի բովանդակային կողմին՝ նա հավելեց. «Իրականությունից կտրված չլինելով՝ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել այն: Ճիշտ է, տեսականորեն ենթադրվում է, որ համաչափ զարգացման հարց կարող է լուծել, բայց կարճաժամկետում կրկին անհավասարակշիռ իրավիճակ կարող է ստեղծել: Երբ մենք Երևանում, ըստ գոտիականության, հետզհետե հանում ենք այդ ծրագիրը, ենթադրվում է, որ մինչև ուժի մեջ մտնելը, օրինակ՝ նույն առաջին գոտում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը շատ բարձր է լինելու: Իսկ դասական մոտեցմամբ պահանջարկի աճը, անշուշտ, նաև գների ավելացման է հանգեցնում: Այսինքն, մարդիկ փորձելու են արագ, մինչև վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելը եկամտահարկի վերադարձելության ներքո ձեռք բերել գույքը: Արդյունքում կարճաժամկետ հատվածում դեպի վերոնշյալ գոտիներ կենտրոնացում է լինելու: Այս պարագայում անշարժ գույքի շուկայում կարճ ժամանակահատվածում մենք հավասարակշռության խախտում ենք ունենալու, որն իր հերթին բազմաթիվ խնդիրների է հանգեցնելու: Երբ այս ամենը զուգահեռում ենք անշարժ գույքի շուկայում առաջացած որոշակի բարդություններին ու խնդիրներին, ստացվում է, որ փաստացի հարվածում ենք շուկային: Բացի այդ, սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ հարցադրում է առաջանում, թե որքանով է բարոյական ճգնաժամային իրավիճակում նման փոփոխությունը, որը, ըստ էության, լրացուցիչ սոցիալ-տնտեսական խնդիր է ստեղծելու բնակարանի պահանջ ունեցող քաղաքացու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, եւ հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։ Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին․ «Թթվածնի խնդիր այլեւս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որեւէ կայան այլեւս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն էլ, իրավիճակից ելնելով, արդեն իջնում են»։ Նաեւ հավելեցին, որ եթե այդպես շարունակվի, ապա մարզային ԲԿ-ներում ապավերապրոֆիլավորում կարվի, այսինքն՝ քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերադառնան իրենց նախկին կարգավիճակին՝ կսկսեն բոլոր հիվանդներին բուժել»: