ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա ևս երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել, նրանց նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով քննչական խմբի կողմից իրականացված նախաքննության ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, ովքեր դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է:
Հարկ է նշել, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են շուրջ 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ:
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ այլ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին",- ասված է հաղորդագրության մեջ: