Արցախի հուշարձանները գտնվում են դիտավորյալ սպառնալիքի ներքո. Միրզոյան
Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը պայմանավորվեցինք այս փուլում առաջ շարժվել փոքր քայլերով։ Այս մասին ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցանկանում եմ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են», - ասաց նախարարը։