«Տաշիր պիցցա»-ում թունավորվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի
Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:
Առողջպահության նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ «Տաշիր պիցցա»-ի սննդի կենտրոններում 179 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցայի» տնօրինությունը որոշում կայացրեց մասնաճյուղերը ժամանակավորապես փակել, մինչ կլինեն հետազոտության արդյունքները։
Այսօր ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնեց, որ «Տաշիր Պիցցա» սննդի ցանցի մասնաճյուղերում արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ են հայտնաբերվել։
Մասնավորապես, թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը եղել է ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով, թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ, տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշներով, խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել։
Ըստ տեսչական մարմնի, «Տաշիր պիցցա»-ին պատկանող հանրային սննդի կազմակերպություններում իրականացվել է նաև շրջակա միջավայրի նմուշառում: Ըստ այդմ, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ:
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ ստուգումներ են սկսվել նաև «Տաշիր պիցցա»-ում օգտագործվող մայոնեզ արտադրող «Հայր և որդի Ավագյաններ» ընկերությունում և թռչնամիս մատակարարող Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ընկերությունում, արդյունքները կհրապարակվեն: