23.11.2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:


Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար, որն ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։


Հիշեցնենք, Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-12-ին աշխատանքային այցով գտնվելու է Փարիզում, որտեղ մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: