Զուգահեռ իրականություն. Գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձերը 120% կբարձրանա
ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների պաշտոնները սահմանվել են «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող» և ըստ այդմ նրանք պետք է ֆինանսապես շահագրգռվեն:
Բացի աշխատավարձից, նախագծի համաձայն, նրանց ամեն ամիս կտրվեն հավելումներ՝ աշխատավարձի 100-120 տոկոսի չափով: Այսինքն, կարելի է պնդել, որ հավելման անվան տակ ամսական աշխատավարձը շեշտակի աճելու է:
Այդպես, առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` 100 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)՝ 120 տոկոս:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող) հավելման չափը կսահմանվի` 90 տոկոս, իսկ դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը` 100 տոկոս: Այս հավելումները, հիշեցնենք, նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս:
Սա դեռ նախագիծ է, բայց թերևս կասկած չկա, որ այն իրականություն կդառնա...
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան շտապ օգնության կայանի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, քանի որ չափազանց լարված աշխատանքային գրաֆիկով են աշխատում, իսկ աշխատավարձը ամսական կազմում է շուրջ 120 000 դրամ: