25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն
prev Նախորդ նորություն

Սթիվեն Բլանք. ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը կտրուկ ավելացել է

«Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլևս սառեցված մնալ չի կարող: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է»: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ ասել է ամերիկացի ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ նշելով, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարևորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի և Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին:

Մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշել է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել.

«Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետևանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արևելքի և նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետևանքներ ունենալ»:
Ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու ևս մեկ պատճառ.

«Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաև Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում: Սթիվեն Բլանքի խոսքով, դեռևս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել: Սակայն, համոզված է վերլուծաբանը, համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին.

«Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է, այլ ոչ՝ մակերեսային»: