Արևմուտքի դեմ ելած անվախ Էրդողանի վարկը բարձրացնելու հերթական միստիֆիկցիան է. Մելիքյան
Թուրքիայի փուչիկը շարունակում են ուռացնել: Այժմ էլ դրա համար Անկարայի կողմից օտարերկրյա տասը դեսպանների persona non grata հայտարարելու պատմությունն է աշխատելու՝ Արևմուտքի դեմ ելած "անվախ ու անպարտ" Էրդողանի վարկն արևելքում բարձրացնելու հերթական տպավորիչ միստիֆիկցիան է սա: Այս կարծիքին է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
"Իսկ մերոնք ցնծում են՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Հունաստանի հետ ռազմական համագործակցությունն էապես խորացնելու ուղղությամբ ծանրակշիռ քայլեր են ձեռնարկում: Թուրքիային հիմա մի լավ դաս կտան, կմասնատեն ու ծովից-ծով Հայաստանը կնվիրեն Հայկի քաջարի սերունդներին: Բայց իրականությունը, կարծես, այլ է:
Ամերիկա-բրիտանական տանդեմը Անկարայի համար հունական սպառնալիքն առարկայական դարձնելով՝ հասկացնում է թուրքերին, որ վերջիններս իրենց հանձնարարված "արևելյան առաքելությունը" պետք է կատարեն ամեն գնով ու առանց շեղումների և ապուշ կամակորությունների: Հակառակ դեպքում ծանրագույն պատիժների կենթարկվեն: ԱՄՆ-ՄԲ հունական երթը նաև կոչված է կանխելու ու վնասազերծելու Ֆրանսիայի ակտիվությունն Արևելյան Միջերկրականում և, հատկապես, Հունաստանի հետ նրա ռազմական համագործակցության նախանշվող խորացումը",- գրում է քաղաքագետը: