24.11.2024
ԲՈւՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

«Այսօր աշխատանքային այց եմ կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:


«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- նշել է Պապիկյանը:



Հոկտեմբերի 1-ին հայտնի դատձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պատկանում են նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։


60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ կոմբինատում բաժնետոմսերը ձեռք է բերել Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով։


Ռոման Տրոցենկոն միլիարդատեր է, նրան է պատկանում AEON Corporation-ը, որն իր մեջ ներառում է 14 օդանավակայան, նավահանգիստներ ու բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոններ Եվրոպայում։ Ըստ Forbes-ի՝ Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում է 1,3 միլիարդ դոլար։


ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի այս փոփոխությունն ըստ էության չի ազդել մյուս բաժնետերերի ունեցած մասնակցության չափի վրա․ «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով կոմբինատի 12,4 տոկոսը պատկանում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական հարցերի զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, իսկ 12,5 տոկոսը՝ «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը, որի սեփականատերերն են Կարեն Հակոբյանը՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, Մհեր Պոլոսկովը՝ կոմբինատի նախկին գլխավոր տնօրենն ու Նարեկ Ամբարյանը՝ զինվորական դատախազ Տիգրան Ամբարյանի եղբայրը։