Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր՝ մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. Սիմոնյան
Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ: Այս մասին Աթենքում ընթացող ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ:
«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:
Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը:
«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: