Տաթևով այլընտրանքային ճանապարհը չի ապահովի Սյունիքի անվտանգությունը. Աբրահամյան
Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարեւոր չէ, թե, օրինակ, Սեւ լճի տարածքում թշնամու մխրճման պատճառով որքան զինծառայող է տեղակայվել: Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն եւ սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են ավիացիայով, անօդաչու սարքերով, ծանր հրետանիով եւ այլն: Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն:
"Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումներ, ուժի սպառնալիք եւ այլն",-նշեց նա:
Պատգամավորը նաև շեշտեց, որ Տաթևով այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները կլուծեն որոշակի խնդիրներ, բայց չեն դառնա Սյունիքի անվտանգության ապահովման խնդրի լիարժեք լուծում: