Բաքուն չի բացառում ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։
«Ինչպես գիտեք, ադրբեջանական կողմը միշտ բաց է եղել երկխոսության համար, եւ մեր երկիրը գերադասում է ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով։ Մենք բազմիցս հայտարարել ենք հետկոնֆլիկտային փուլում հայկական կողմի հետ բանակցելու պատրաստակամության մասին», - ասել է նա։
Բաքուն գտնում է օգտակար հարցերի քննարկումը, որոնք ուղղված են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանում: «Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացումը նաև ապագայում։
Ինչպես բազմիցս նշվել է ադրբեջանական կողմից, ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունների կատարմանը:
Հայտնի է, որ այս կապակցությամբ կան մի շարք բաց հարցեր։ Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր կառուցողական առաջընթացի համար», - նշել է Աբդուլաեւան:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես չէր բացառել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ այն պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում:
Երեւանն ակնկալում է Բաքվի կառուցողական մոտեցումը եւ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների վերսկսումը, ինչը, հայկական իշխանությունների կարծիքով, «միանշանակ ողջունելի է եւ բխում է Երեւանի եւ Ստեփանակերտի շահերից»:
Առաջիկա հանդիպման առաջնային խնդիրը, ըստ պաշտոնական Երևանի, հումանիտար հարցերն են։ Առաջին հերթին խոսքն Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների մասին է։ Բացի այդ, կան նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ միջազգային կազմակերպությունների մուտքի եւ այլ հարցեր:
Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: