Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտել է հայ գերիների վերադարձի խնդիրը
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։
Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։