24.11.2024
ԲԴԽ-ի որոշմամբ դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվել են
prev Նախորդ նորություն

Նոր առաքելության այց Հայաստան. Եվրամիությունը գալիս է իր ներդրումների հետևից

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և իր թիմը 2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը կժամանեն Հայաստան։


Ինչպես հայտնում են ՀՀ-ում Եվրոպական միության դեսպանության մամուլի ծառայությունից, առաքելությունը հաջորդում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցին․ դեռևս ս․թ․ հուլիսին հանձնակատարը ներկայացրել էր «Արևելյան գործընկերության ապագային միտված համատեղ աշխատանքային փաստաթուղթը», «Տնտեսական և ներդրումային պլանը» և, ըստ այդմ Հայաստանի համար նախատեսված ուղենշային նախաձեռնությունները։


«Առաքելության ընթացքում տնօրեն Մերեդիթը նախատեսում է հանդիպել կառավարության անդամների, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ՝ քննարկելու Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները և հստակ նախանշելու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը հօգուտ ՀՀ քաղաքացիների։


Հետամտելով նույն նպատակին՝ առաքելությանը կմասնակցեն Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։


Եվրամիությունը Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում տրամադրելու է 2,6 մլրդ եվրո ներդրումային փաթեթ առաջիկա հինգ տարիների համար։ Դա, ըստ Հայաստանի իշխանության, վկայում է Արևելյան գործընկերության ծրագրի ռեստարտի մասին:


Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով: ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին:


Ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ևս 356 մլն դոլար էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:


Վերջապես, Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին: