23.11.2024
Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները. Ղազինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչի մասին է երազում Վաղարշակ Հարությունյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում պարտությունից հետո Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց ուղիղ ութ ամիս: Հիշեցնենք, որ նա ժամանակին համակարգից խայտառակ ձևով հեռացվել էր և նույնիսկ աստիճանազրկվել: Սակայն Նիկոլ Փաշինյանը վերականգնեց նրա կոչումը, չնայած բանակում շատերը վստահ էին ու հիմա էլ վստահ են, որ 2002 թվականի որոշումը միանշանակ ճիշտ էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մտածում է նրան նոր պաշտոն տալու մասին: Քննարկվող տարբերակներից մեկը նրան ՀԱՊԿ-ում «տեղավորելն» է, որի նախագահությունը օրերս ստանձնեց Հայաստանը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանը ցանկանում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նրա «փափագի» մասին տեղյակ են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում, և նման հնարավորությունը ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել: Մեր ունեցած տեղեկություններով, մի կողմից՝ դիվկորպուսում վստահ են, որ Վարդան Տողանյանը պրոֆեսիոնալ կատարում է իր պարտականությունները, մյուս կողմից՝ որքան էլ Վաղարշակ Հարությունյանը փորձում է ցույց տալ, թե ինքն ընդունված է Ռուսաստանի քաղաքական ու ռազմական վերնախավի կողմից, իրականում նրա նկատմամբ, մեղմ ասած, շատ մեծ վերապահում կա: Այնպես որ, ինչպես փոխանցում են Հայաստանի արտաքին գերատեսչության մեր աղբյուրները, եթե Փաշինյանը որոշի Տողանյանին փոխարինել մի կադրով, որը նույնիսկ «իր» ոլորտում է մշտապես ձախողվել, ապա դա կարող է լուրջ տարակուսանք առաջացնել թե՛ Հայաստանի դիվկորպուսում, թե՛ Ռուսաստանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նկատել են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զենք է կրում։ Դա հատկապես նկատել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ: Ինչից կամ ումից է վախեցած երբեմնի սիրված դերասան, այսօր իշխանություններից «տարանջատված» Մարությանը, մեզ պարզել չհաջողվեց․ նրա խոսնակը, սովորության համաձայն, գրավոր հարցում պահանջեց։ Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաեւ նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի։ Չնայած օրենքով քաղաքապետը ՊՊԾ պահպանության տակ գտնվող պաշտոնյա չի համարվում եւ չունի թիկնազոր, բայց կարող է դիմել եւ ստանալ պետության կողմից տրամադրվող թիկնապահ, եթե դրա անհրաժեշտությունը կա, եւ կոնկրետ վտանգ է առկա։ Հավանաբար, այդ հարցում էլ չի վստահում իշխանությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը: Ըստ կառավարության աղբյուրների՝ Փաշինյանը որոշել է խուսափել տհաճ միջադեպերից՝ կանխատեսելով, որ այդ օրը Եռաբլուր են այցելելու զոհերի ծնողներն ու հարազատները։ Իսկ նշանակված ժամին Եռաբլուր այցելեցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ավելի ուշ՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ այլ պաշտոնյաներ` բոլորն առանձին-առանձին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ արտգործնախարարի նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պետք է աշխատանքի անցներ հենց այդ դեսպանատանը: Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ամեն ինչ արել է, որ նրա նշանակումը հնարավոր չլինի: Պատճառը, մեր տեղեկություններով, Մակունցի վախերն են. բանն այն է, որ եթե Աննա Նաղդալյանը դառնար ԱՄՆ դեսպանատան աշխատող (ըստ որոշ տեղեկությունների, նա դեսպանատան երկրորդ դեմքն էր լինելու), իր գիտելիքներով կգերազանցեր Լիլիթ Մակունցին։ Ըստ այդմ, Լիլիթ Մակունցը հավանաբար անհանգստացել է, որ դիվանագետի կրթություն ունեցող Աննա Նաղդալյանի կողքին իր ոչ կոմպետենտ լինելն առավել ցցուն է երևալու, եթե նույնիսկ Աննա Նաղդալյանը ավելի ցածր պաշտոնի նշանակվեր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր, ըստ էության, վերջնականապես կփակի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Բանն այն է, որ փոխնախագահի ընտրության հարցից բացի, այսօրվա նիստի օրակարգում ներառել են նաեւ «հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստը վարողի ընտրության» հարցը։ Որպես կանոն, հանձնաժողովի նախագահի բացակայության պայմաններում նիստը վարում է փոխնախագահը, հետեւաբար, հիշյալ հարցի ներառումն օրակարգում նշանակում է մի բան, որ ՔՊ-ն չի պատրաստվում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում եւ, ըստ էության, փոխնախագահ է ընտրելու, որպեսզի անցնեն մյուս հարցերի քննարկմանը։ Մենք տեղեկացանք, որ դաշինքը 5-րդ անգամ էլ Ղազինյանին է առաջադրել այս պաշտոնում։ Ընտրված անձը դեֆակտո կդառնա հանձնաժողովի փոխնախագահը: Թեեւ, ըստ էության, հանձնաժողովի փոխնախագահը, բացի անհրաժեշտության դեպքում նախագահին փոխարինելուց, որեւէ այլ առավելություն չունի հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցանկացած քաղաքական ուժի ղեկավար իշխանություն ստանալուց հետո հատկապես քաղաքական պաշտոններում նշանակում է իր թիմի անդամներին: Սա բնական է և աշխարհում ընդունված նորմ: Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում այս թեման գնալով առավել ծայրահեղ երանգներ է ստանում՝ դառնալով մոլուցք: Երեք տարում ընդհանրապես, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո առավելապես՝ Նիկոլ Փաշինյանը «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքով հետևողականորեն զբաղված է ոչ միայն բոլոր ոլորտները «գրավելու», այլև հնարավոր ու անհնար բոլոր պաշտոնները ՔՊ-ացնելու գործով: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժն ունի քաղաքական որոշում՝ անխտիր բոլոր պաշտոններում նշանակել ՔՊ-ականների (առանձին բացառություններով՝ շատ ՔՊ-ամերձ անկուսակցականների), իսկ նրանց, որոնց պետք է պահել, համոզել՝ ընդունվելու կուսակցության շարքերը: Ի դեպ, խոսքը նաև իրավապահ համակարգին է վերաբերում, եթե նույնիսկ օրենքը ստիպի առերևույթ «սառեցնել» կուսակցականությունը: Դրա վառ վկայությունն էր նաև այն, որ օրերս Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց Սերգեյ Ատոմյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, ապա նշանակվեց Արարատի մարզպետի տեղակալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ մեր տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրեւ թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։ Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա: Մենք երեկ՝ ողջ օրը, փորձել ենք զրուցել նախարար Հայկ Խանումյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր զանգերին չպատասխանեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում: Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփականության պաշտպանության իրավունքները: Այն արգելում է, խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, հարկադիր աշխատանքը, կամայական ու ապօրինի ազատազրկումը եւ այլն: «Երկրորդը հայցադիմումը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 9-ին, Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) է ներկայացվել: Այն ռասսայական խտրականության ու մարդկանց՝ պատերազմի հետեւանքով կրած զրկանքներին է վերաբերում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա փոխանցմամբ՝ երկու հայցով էլ վարույթներ են ընթանում: Ի տարբերություն պետության կողմից ՄԻԵԴ-ին հասեագրված դիմումների՝ բավականին մեծ թիվ են կազմում հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից Եվրադատարանին ուղղված նամակները: Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած լրագրողների դեպքի առթիվ, օրինակ, ՄԻԵԴ բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունն է դիմում ներկայացրել՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ։ Այլ կերպ ասած, պատերազմական հանցագործությունները կքննվեն միջազգային ատյաններում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց ցավը որեւ կերպ չի մեղմվել, ողջ գիշեր Եռաբլուրում եմ եղել, ցավ եմ ապրում, որ մեր կողքին սեւազգեստ մայրերի քանակն այսչափ ավելացավ, ցավը մեծ է, կորուստն` անդառնալի: Ճակատագիրը կրկին մայրերին սեւ հագցրեց»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Ըստ Մարգարիտա Խաչատրյանի` սեպտեմբրի 21-ին տեղի ունեցած գունագեղ միջոցառումն իսկական խայտառակություն էր: «Ես ինչպե՞ս կարող էի մասնակցել այդ միջոցառմանը, չէր կարող այդպիսի բան լինել: Ի՞նչն էին տոնում սեպտեմբրի 21-ին, արյան գնով ձեռքբերված եւ տանուլ տված անկախությո՞ւնը: Ի՞նչ տոնակատարություն, դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»: Մեր զրուցակցի կարծիքով` ողբացող մոր համար տոնակատարություն լինել չի կարող: «Նիկոլ Փաշինյանին բազմիցս խոչընդոտել ենք, որպեսզի նա Եռաբլուր ոտք չդնի: Հենց այդ ժամանակ էլ նրա աջակիցներն ինձ շշով գլխիս հարվածեցին, ինչից հետո քայլել չեմ կարողանում»,- նշում է Մարգարիտա Խաչատրյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ Հայաստան էր բերվելու «Պֆայզեր» ու «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութեր: Ընդհանուր թվով 500.000 դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու համար կառավարությունը 3.5 մլրդ դրամ էր հատկացրել։ Մինչ օրս սակայն վերոնշյալ պատվաստանյութերը Հայաստան չեն հասել։ Կառավարության հրամանի կատարողականը, փաստացի, կա՛մ չեղարկվել, կա՛մ չի կատարվել։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով «Պֆայզր» տեսակի պատվաստանյութ Հայաստանը ձեռք չի էլ բերելու։ Հետևաբար հարց է առաջանում ինչո՞վ է արդարացված պետբյուջեից 3.5 մլրդ դրամ հատկացնել մի ծրագրի, որն իրականում փուչիկ է»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան հայտնի «Սիլիկոնյան հովտում» աշխատող մի քանի հայազգի այթիշնիկներ սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով ստանձնել են պատերազմի ժամանակ ծանր հաշմանդամություն ստացած երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը: Նրանք փնտրում-գտնում են հիմնականում վերջույթներից զրկված երիտասարդների, նրանց տրամադրում են համակարգիչներ եւ կազմակերպում ուսուցումը` լեզուների եւ ծրագրավորման: Ուսուցման ողջ ընթացքում հոգալու են նրանց ծախսերը, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում են նրանց աշխատանք առաջարկել: Միակ պայմանն այն է, որ երիտասարդները չպետք է բավարարվեն պետությունից ստացվող նպաստով, այլ պետք է ցանկանան մասնագիտություն ձեռք բերել՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար: Մեր բոլոր ջանքերը` ներկայացնել նրանց եւ ծրագիրը, անհաջողության մատնվեցին․ մեր հայրենակիցները խստիվ արգելեցին հրապարակել իրենց անունները՝ ասելով, թե սա փիառի համար չեն անում, դա հաշմանդամ դարձած տղաների հանդեպ իրենց պարտքն են համարում: Իսկ մեզանում մի քանի լիտր ձեթ կամ մի քանի կիլոգրամ բրինձ բաժանելիս աշխարհի բոլոր լրատվամիջոցներին հրավիրում են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 70 հազար 44 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37 հազար 861 դրամ` ամսական կտրվածքով: Մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 37 հազար 861 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ ձու եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 300-400 դրամը, ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 270-300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչեւ 80 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 150 դրամի սահմաններում: Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»: