ԵՄ-ն պետք է հնարավորություն ունենա տեղակայել զինված ուժեր՝ անկախ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից. Բորել
Եվրամիությունը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն գործել եւ տեղակայել զինված ուժեր՝ անկախ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է հնարավորություն ունենանք զորքեր տեղակայել այն նույն ոճով, որում դա անում են ամերիկացիները։ ...Մենք պետք է կարողանանք ինքնուրույն գործել այն իրավիճակներում, որտեղ հնարավոր չէ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջամտությունը», - ասել է Բորելը հանրային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցում:
Նա նաեւ նշել է, որ Եվրոպայի ուժեղացումը չպետք է անհանգստացնի ՆԱՏՕ-ին։ «Որքան Եվրոպան ուժեղ լինի, այնքան ՆԱՏՕ-ն ուժեղ կլինի, քանի որ մենք դրա մասն ենք կազմում։ Եվրոպայի ռազմական հնարավորությունները ՆԱՏՕ-ի համար լրացում են, այլ ոչ թե այլընտրանք», - ընդգծել է Բորելը։
Որպես ԱՄՆ Զինված ուժերի հաջող գործողության օրինակ նա բերել է Քաբուլի օդանավակայանից տարհանումը։ «Ձեր, ձեր զորքերի և ձեր զինվորականների շնորհիվ հնարավոր եղավ ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը», - ասել է նա:
Ավելի վաղ Բորելը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին Լյուբլյանայում կայացած ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկվել է պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը եւ Եվրամիության արագ արձագանքման ուժերի ստեղծման ծրագրերը:
Նրա խոսքով՝ առաջին գործնական որոշումները կընդունվեն հոկտեմբեր-նոյեմբերին՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույցը» անվտանգության նոր եվրոպական հայեցակարգի նախապատրաստման շրջանակներում:
Այդ ռազմավարության հաստատումը, իսկ դրա հետ էլ եմ արագ արձագանքման ուժերի ստեղծման ծրագրերը պետք է տեղի ունենան 2022 թվականի մարտին։ Նա ընդգծել է, որ խոսքը մոտ 5 հազար մարդ կազմող խմբավորման մասին է։