Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վան Նայս քաղաքում գտնվող Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցին հինգշաբթի օրը վանդալիզմի ակտի է ենթարկվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարձակվողը կոտրել է եկեղեցու 8 շատ հազվադեպ վիտրաժ։
Սուրբ Պետրոսի եկեղեցու քահանա Տեր Շնորհք քահանա Դեմիրճյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ հինգշաբթի առավոտյան ժամը 1:30-ին հարձակվողը սև հագուստով, գլխարկով է եղել և պայուսակ է ունեցել։ Նա այդ ժամանակ բեյսբոլի մահակով սկսել է ջարդել Շերման Ուեյ հասցեում գտնվող վիտրաժային պատուհանները:
Հայր Դեմիրճյանը և եկեղեցական խորհուրդը վանդալիզմի մասին իմացել են հինգշաբթի վաղ առավոտյան, և անմիջապես տեղեկացրել Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտին, որը հայտարարել է, որ ակտիվորեն հետաքննում է միջադեպը: Հայր Դեմիրճյանի խոսքով՝ ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «վանդալիզմ»։