23.11.2024
Հայաստանը՝ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթող
prev Նախորդ նորություն

Միրզոյանը և Լանդսբերգիսը շեշտել են հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։


Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։


Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել գոյություն ունեցող բազմոլորտ համագործակցությունը:


Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գործում Լիտվայի ցուցաբերած օգնության համար։


Արարատ Միրզոյանը և Գաբրելիուս Լանդսբերգիսը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում՝ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա հաղթահարման ուղիներին։


Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստակամ է կայուն խաղաղության հասնել տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:


ՀՀ ԱԳ նախարարը նաև խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայողը: