Ռուսաստանը համաձայնագիր կստորագրի Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին
Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Նման նախագծերը քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նիստի արդյունքներով կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխով։
«Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թվականի ապրիլի 27-ին, վավերացման գործընթաց է անցնում», - ասել է նա:
Գրեխովը նաև նշել է, որ «ներկայում ներպետական համաձայնեցման գործընթաց է ընթանում Ռուսաստանի եւ Ղրղզստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը»: Այս աշխատանքի ավարտից հետո համաձայնագրի նախագիծը կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարներին ստորագրման համար։ Նաև, գեներալ-գնդապետի խոսքով, «շարունակվում է ՌԴ-ի և Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»:
Այժմ ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված են 19 ավիացիոն զորամասեր, զենիթային հրթիռային զորքերի 38 մասեր, ռադիոտեխնիկական զորքերի 15 մասեր, ՀՕՊ-ի ինը բրիգադներ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք մասեր: Այդ ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացվում է ազգային հրամանատարություններով, իսկ համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նախագահը: