Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել է կալանավորված պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի ինքնազգացողության վատթարացման մասին:
«Երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին: Նա, սակայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն:
Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր:
Բայց բժիշկն ընկճված չէր, միայն երկու թեմայով խիստ անհանգստություն հայտնեց.
նախ մտահոգված էր մեր երկրի այսօրվա իրավիճակով, սպառնալիքներով ու մարտահրավերներով, և անհանգստություն ուներ իր հիվանդների համար. «...մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ...»,- անկեղծացավ բժիշկը:
Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը:
Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին», - ասված է Թովմասյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ կալանքի տակ գտնվող ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի առողջական վիճակը օգոստոսի 30-ին կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն: Չարչյանի գործընկերների գնահատականներով՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով պատգամավորի վիճակը։
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ։ Ընտրություններից առաջ տարածվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ Չարչյանի հանդիպման ձայնագրությունը։ Հանդիպման ընթացքում դեռևս պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը աշխատակիցներին կոչ էր անում ակտիվորեն մասնակցել քվեարկությանը՝ մատնանշելով կոշտ վերաբերմունք նրանց նկատմամբ, ովքեր դա չեն անի։ Չարչյանը ձերբակալվել է, իսկ մեկ ամիս անց գրավի դիմաց ազատ է արձակվել։ Մեկ շաբաթ առաջ դատախազությանը հաջողվել էր բողոքարկել վերաքննիչ դատարանում գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։