Ապաշրջափակումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Կառավարության օգոստոսի 18-ին ներկայացրած ծրագրում ապաշրջափակմանը նվիրված առանձին ենթաբաժին կա։ Ըստ գործադիրի՝ «ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»: Միաժամանակ շեշտվում է, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:
«Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք»,- ասված է ծրագրում:
Գործադիրում կարծում են, որ տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, «կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը»:
«Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը»,- նշվում է ծրագրում:
Գործադիրը համոզված է, որ «տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար»:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն օգոստոսի 17-ին վերսկսեցին տարածաշրջանային ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։ Այդ մասին հայտնեց Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Եռակողմ հանձնաժողովը ստեղծվել է հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա։