Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։
«Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես են եկել ողջույնի խոսքերով։
Ղրղզստանի նախագահն իր խոսքում նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Բարի գալուստ Ղրղզստան։ Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր հյուրընկալ հողում։
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք անկեղծ շնորհավորանքներ հայտնել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Ընթացիկ տարում Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, նշում են անկախության 30-ամյա հոբելյանը։ Ուրախ եմ այս հնարավորության համար՝ շնորհավորելու Ձեզ և ի դեմս Ձեզ ողջ հայ ժողովրդին այդ կարևոր տոնի առիթով»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,
Շատ ուրախ եմ անձամբ հանդիպել Ձեզ։ Սա մեր առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Ղրղզստանի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելուց հետո։ Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ այդ առիթով և մաղթել հաջողություններ ի բարօրություն բարեկամ Ղրղզստանի և ղրղզ ժողովրդի։
Այո, Դուք ճիշտ նշեցիք, այս տարի մեր երկրները նշում են անկախության 30-ամյակը, և ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այդ հոբելյանի առիթով։ Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը»։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, միջխորհրդարանական գործընկերության ակտիվացումը։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։
ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։