Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը:
Տևական ժամանակ ՀՀ-ին սահմանակից պետությունների տարածքներում մոլեգնում են հրդեհները։ Դրանց ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ուժեղացված ծառայություն է իրականացվում սահմանամերձ գոտիներում։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է, որ անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգուշավոր լինել և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։
Արգելվում է՝
նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,
այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,
բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։
Հրդեհների կանխարգելման համար արգելվում է վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով։