24.11.2024
Գյումրու նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պետական գույքեր օտարելու համար
prev Նախորդ նորություն

Գյումրու օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ

Սեպտեմբերից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր սրահից: Օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին, հայտնում է «Արմենպրես»-ը:


Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցվող նոր սրահը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:


«Նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել»,- մանրամասնեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների Ինֆրաստրուկտուրաների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը:



«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250000 ուղևոր, որը կհասցվի 700000 ուղևորի: Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին:


Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են վազքուղու նորոգման աշխատանքները: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: «Թեև վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14 տարի առաջ: 14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը:



Շինարարություն իրականացնելու համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի արդյունքներով շինարարական աշխատանքները իրականացնում է «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը: Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:


Ըստ պայմանագրի վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:


«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից: 2007 թ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: