Դավթյանն ու Կոպիրկինը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությունը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԳԴ մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը:
Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջև ձևավորված և շարունակվող փոխվստահելի կապերը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականցվող աշխատանքը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու, 2020թ.-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պահանջների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: