Հուլիսի 30-ին և 31-ին Երևանում անցկացվեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության թվով երկրորդ Քաղաքական առաջնորդների դպրոցը՝ « Հայաստանը և տարածաշրջանը. նոր մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» խորագրով:
Չնայած արձակուրդային շրջանին, դպրոցին մասնակցելու ավելի քան 100 հայտ էր ներկայացվել: Ընտրված մասնակիցները երկու օրերի ընթացքում լսեցին տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին, հեռուստալրագրող, Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանին, քաղաքագետներ Արամ Սաֆարյանին և Գրիգոր Բալասանյանին: Քննարկումների հիմնական առանցքը ներկայիս ներքաղաքական իրավիճակն էր, հետպատերազմյան իրողությունները, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված քաղաքական միջավայրը: Առանձնահատուկ քննարկվեցին նաև այն խոչընդոտները, որոնք չեն թողնում երկրում հաստատել սոցիալական արդարություն:
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, Քաղաքական առաջնորդների դպրոցները կուսակցության համար կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում երիտասարդությանն այլընտրանքային կրթություն ևս ստանալ, իսկ որքան կրթված լինի մեր հասարակությունն, այնքան երկրի զարգացումն ու հզորացումը ավելի է ուրվագծվում. «Մեր քաղաքական ուժի համար գլխավոր նպատակը ուժեղ հայրենիք ունենալն է»,- ասաց նա:
Բացի այս, նշեց Ղուկասյանը, երիտասարդները հնարավորություն են ստանում քննարկել առկա զարգացումներն ու փորձել հասկանալ, թե ինչ է սպասվում առջևում անմիջապես երկրի առաջատար մասնագետների ու փորձագետների հետ: Եվ հենց այս նպտակով էլ ՀԱՍԱԿ-ը մտադիր է Քաղաքական առաջնորդների դպրոցներ անցկացնել ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որպեսզի մարզաբնակ երիտասարդները ևս կարողանան մասնակցություն ունենալ դպրոցին:
Քաղաքական առաջնորդների դպրոցի համակարգող, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի խոսքով էլ, այսչափ քաղաքականացված երկրում, ինչպիսին է Հայաստանը, չափազանց կարևոր է աշխատել երիտասարդների հետ նման ձևաչափերում: Նա նաև անդրադարձավ կարծրատիպերին.
«Թյուր է այն կարծիքը, թե Քաղաքական առաջնորդների դպրոցները, որոնք կազմակերպվում են կուսակցությունների կամ քաղաքական այլ միավորների կողմից, պարտադիր նշանակում են, որ դասընթացներն ավարտողները պետք է դառնան կուսակցական: Մենք նման խնդիր չենք հետապնդում, պարզապես ցանկանում ենք անմիջական շփման միջոցով քննարկել իրողությունները, ներքաղաքական զարգացումները ու շփվել երիտասարդների հետ, որոնք անտարբեր չեն երկրի ներկայի և ապագայի նկատմամբ»,- ասաց նա՝ իր հերթին ևս տեղեկացնելով, որ դպրոցը շարունակական է լինելու:
Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ: