25.11.2024
«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնը ներկայանում է ոգեշնչող ծրագրով
prev Նախորդ նորություն

Ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ. Մելիքյանը նախկին լրագրող պատգամավորներին

Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց "ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին" օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին "ծանր վիրավորանք" հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։ Այս մասին գրում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ շարունակելով.


"Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է "տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով" և եթե դա պայմանավորված է "անձի հանրային գործունեությամբ"։

Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է "ծանր վիրավորանք"-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ "անձի հանրային գործունեությամբ" պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես "ծանր վիրավորանք"։


Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Սիսակ Գաբրիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նազելի Բաղդասարյան, Վահագն Հովակիմյան և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում",- գրել է Մելիքյանը։