VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ պակաս հրաժարական տվեց նախարարի պաշտոնից եւ Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանի հետ պետք է կուսակցություն ստեղծեր ու մտներ ԱԺ, անհայտ պատճառներով հայտնվեց լուսանցքում։ Ընտրություններից հետո նա կարծես թե դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում եւ գրառումներ է անում՝ քննադատելով մե՛կ ԱԺ պատգամավորների հավելավճարը բարձրացնելու օրինագիծը, մե՛կ քաղաքապետարանի աշխատակազմի վարձատրությունը բազմապատկելու նախաձեռնությունը։ Ըստ որոշ լուրերի՝ պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, իսկ նրա շրջապատում խոսում են, որ համագործակցում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով աջակցում է այս քաղաքական ուժին եւ մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարեւոր խաղացող դառնալ։ Սակայն բանն այն է, որ «Առաքելություն» կուսակցության, թերեւս, միակ հայտնի ներկայացուցիչը Մեսրոպ Առաքելյանն է, եւ անգամ նրա կուսակցությունից 2018-ին խորհրդարան անցած մի քանի պատգամավորները, որոնք ոչնչով աչքի չընկան, չեն ենթարկվում Առաքելյանին։ Երեկ պարզեցինք նաեւ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լեւոն Հովհաննիսյանը, ով «Առաքելության» ցուցակով է ավագանի մտել, ոչ թե այդ կուսակցության ներկայացուցիչն է, այլ՝ ՔՊ-ի, ավագանի մտնելուց 1 տարի անց՝ 2019-ին, անկուսակցական Հովհաննիսյանն անդամակցել է ՔՊ-ին։ Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես էր հայտնվել «Առաքելություն»-ում, ասաց՝ կուսակցությունից առաջարկ է ստացել ու չի մերժել։ Ի դեպ, Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման որոշման նախաձեռնողներից է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին եւ իրերը հավաքել։ Նրա հետ դիմում է գրել եւ հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու են ողջ աշխատանքը, սակայն աշխատակազմը դեռ չի ծանոթացել նոր ղեկավարության հետ։ Աշխատակիցներից մեկն ասաց, որ նորեկներն ամուսիններ են, բայց նրանց դեռ չեն հասցրել ճանաչել, անգամ անունները լավ չգիտեն։ Խոսակցություններ կան, որ հաջորդ հեռացողը լինելու է ՀԸ տնօրեն Սերգեյ Ադումյանը, ով մեր զրույցում չհաստատեց տեղեկությունը։ Իսկ փոփոխությունների մասով ասաց, որ ավելի ուշ կխոսի․ «Հիմա ժողովի եմ»։ Իվետա Տոնոյանն էլ չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանը նույնպես ցանկանում է վաճառել «Կենտրոնը»։ Նրան համոզել են, որ հեռուստատեսություն ունենալու պարագայում խորհրդարան չանցնել՝ նշանակում է, որ այդ հեռուստաընկերությունը վատ է կատարել իր գործը, ուստի պետք է ազատվել կա՛մ հեռուստաընկերության աշխատողներից, կա՛մ հեռուստաընկերությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները: Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել: Ըստ էության, նա իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որեւէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ- ում ՀՀ դեսպան նշանակվի: Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ըստ էության նաեւ կատարում է նախարարի պարտականությունները: Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ավելին՝ մամուլը գրեց, որ հենց Գրիգորյանն է ԱԳ ապագա նախարարը, թեպետ այլ անուններ ևս շրջանառվում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարությունում, շատ մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չեն ընդունել Գրիգորյանի նշանակման փաստը, աշխատակազմում անգամ շատ կոշտ արտահայտվողներ են եղել։ ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարության աշխատակիցների հիմնական դժգոհությունը կապված է եղել պրոֆեսիոնալ ու պատասխանատու ոլորտում ոչ մասնագետի և դիվանագիտական որևէ պրակտիկա չունեցող կադրի նշանակման հետ, առավել ևս, որ նա հայտնի է ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ աշխատողներից ոմանք արդեն իսկ իրենց կամքով աշխատանքից ազատման դիմումներ են գրել, իսկ շատերն էլ ակնարկել են, թե չեն պատրաստվում Գրիգորյանի հետ շարունակել իրենց աշխատանքը։ Ի դեպ, Գրիգորյանի նշանակումը դժգոհությամբ է ընդունվել նաև դեսպանների շրջանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր: Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկվայում սպասվող որեւէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, եւ ինչ խոստման դիմաց: Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան․ «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետեւ ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։ Ապա պատմական էքսկուրսով փորձել է ապացուցել, որ կայսրական այս պետությունը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել։ Նշենք, որ երեկ կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Ադրբեջանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկած հրադադարի պայմաններին, հայկական կողմը համառորեն չգաղտնազերծեց, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Դատելով պատգամավորի հայտարարությունից՝ խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով միջանցքի կամ, ինչպես իշխանությունն է սիրում ասել՝ ճանապարհի մասին է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցիները որոշ հատվածներում հարձակվել են ՀՀ սահմանի վրա, իսկ հայկական գերիշխող մի հենակետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ժամանակավորապես գրավել: Ցավոք, նորից ունենք զոհեր ու վիրավորներ: Այնուհետ ՊՆ-ն հաստատեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ»: Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին որոշ արևմտապաշտ շրջանակներ սկսեցին տեղեկատվական հարթակները հեղեղել հակառուսական քարոզչությամբ: Այս արշավը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին օրերին նորից ակտիվացել էր, իսկ երեկ պարզապես հակառուսականության «հրավառություն» էր: Ընդ որում, շատ ակտիվ էին իշխանամերձ շրջանակի «արևմտասերները»: «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հատկապես մայիսի կեսերից սկսած կամաց-կամաց Արևմուտքի հետ դիվանագիտական խաղերի գործընթաց են սկսել՝ առաջարկելով նրանց ներկայացուցիչներին գալ ու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել: «Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում, և լարումները չեն դադարում: Թեպետ դիմել են Ռուսաստանին անվտանգությունն ապահովելու համար, բայց միաժամանակ իրենց ներքին պրոպագանդիստների միջոցով հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ փորձելով խաղեր տալ Արևմուտքի հետ: Մեծ հաշվով՝ անորոշ մի գործընթաց է սա, և այս համատեքստում գլխավոր իշխանավորն առաջին հերթին փորձում է իշխանությունը պահել՝ հասկանալով, որ եթե իշխանությունը կախված լինի Ռուսաստանից, ապա ՌԴ-ն իրեն կհեռացնի: Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել, նրանց շատ բան խոստանալ, որ ընդամենն իշխանության մնա»,- ասաց Բադալյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատորի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով: Ընդ որում, այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից վեց ամիս հետո: Այսինքն՝ եթե անգամ այս նախագիծը քննարկվի միայն սեպտեմբերին, ապա հաջորդ տարի լրատվամիջոցները կանգնելու են լուրջ խնդրի առջեւ, քանի որ գովազդը հանդիսանում է եկամտի աղբյուր: Նկատենք՝ լրագրողների աշխատանքը պարբերաբար դժվարացնող իշխանություններից այժմ ամեն ինչ կարելի է սպասել. սահմանափակում են ԱԺ-ում տեղաշարժը, արգելում գովազդները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր առաջ են եկել: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք»,- ասաց Նորաբակի բնակիչներից մեկը: Դիմացի փոքր բլրի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, հրաման չեն տալիս…»: