26.11.2024
Ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվում է Վանաձորի քաղաքային մարզադաշտը
prev Նախորդ նորություն

Ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցուցակը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը 2021 թվականի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) արդյունքներով:


Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:


Նշենք, որ ցանկում ներառված են ոչ միայն շահույթ հետապնդող ընկերությունները, այլեւ շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: ՊԵԿ-ը նույն մեթոդով տեղադրել է նաեւ նախորդ տարվա 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների տվյալները՝ ցանկում ներառելով նաեւ պետական մարմիններին:


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էին 534 մլրդ 489 մլն 329 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 2021-ի 2-րդ եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը աճել են 49 մլրդ 950 մլն 845 հազար դրամով կամ 9.35 տոկոսով:


ՊԵԿ-ը 2021 թվականի հունվար-հունիսի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 750.2 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի 77.9 տոկոսը։


2021 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 28 մլրդ 445 մլն 853 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 2 մլրդ 453 մլն 724 հազար դրամով կամ ավելի քան 9.4 տոկոսով։


2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 26 մլրդ 809 մլն 944 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 3 մլրդ 615 մլն 405 հազար դրամով կամ շուրջ 16 տոկոսով:


3-րդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմն է: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-հունիսին կազմել են 25 մլրդ 390 մլն 499 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 8 մլրդ 911 մլն 206 հազար դրամով կամ շուրջ 54.1 տոկոսով:


4-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 938 մլն 804 հազար դրամի հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը ցուցակի առաջին հորիզոնականում էր գտնվում: Նրանց վճարած հարկերն էականորեն նվազել են, իսկ ավելի կոնկրետ՝ 13 մլրդ 329 մլն 293 հազար դրամով կամ 50.7 տոկոսով:


5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 123 մլն 27 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերը նվազել են 3 մլրդ 838 մլն 897 հազար դրամով կամ շուրջ 24.1 տոկոսով:


6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 217 մլն 416 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 1 մլրդ 163 մլն 316 հազար դրամով կամ շուրջ 12.9 տոկոսով:


7-րդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ընկերությունն է՝ վճարած 9 մլրդ 800 մլն 663 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերն աճել են 5 մլրդ 890 մլն 954 հազար դրամով կամ ավելի քան 150 տոկոսով:


8-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստանն» է։ Նրանք հունվար-հունիսին վճարել են 8 մլրդ 881 մլն 873 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 2 մլրդ 206 մլն 745 հազար դրամով կամ ավելի քան 33 տոկոսով:


9-րդ խոշոր հարկատուն՝ «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 6 մլրդ 811 մլն 568 հազար դրամ հարկերով: Նրանց վճարած հարկերը նվազել են 2 մլրդ 956 մլն 454 հազար դրամով կամ շուրջ 30.3 տոկոսով:


1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 6 մլրդ 345 մլն 493 հազար դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 384 մլն 15 հազար դրամով կամ ավելի քան 17.9 տոկոսով:


Այսպիսով՝ առաջին տասնյակի խոշոր հարկատուներից 6-ի վճարած հարկերն աճել են, 4-ինը՝ նվազել: Նրանք ընդհանուր առմամբ վճարել են 148 մլրդ 65 մլն 139 հազար դրամ հարկ կամ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելի քան 25.3 տոկոսը: Միեւնույն ժամանակ առաջին տասնյակի հարկատուները նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների առաջին տասնյակում գտնվող հարկատուների համեմատ ավելի են վճարել 7 մլրդ 371 մլն 791 հազար դրամով կամ ավելի քան 5.2 տոկոսով: