Սահմանադրական դատարանը մերժեց Վահե Գրիգորյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությանը մասնակցելու անհնարինության մաիսն ընդդիմության միջնորդությունը: Ըստ այդմ, Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի ՍԴ նիստին։
Այսօր՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննության նիստի ժամանակ, ՍԴ դատավորները, նշելով, որ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող, որոշեցին չքննարկել այն: Միջնորդությունը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։
«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստին մասնակցության անհնարինության միջնորդությունը փորձեց հիմնավորել նախկինում ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանը լինելու հանգամանքով:
«ՔՊ կուսակցության ԱԺ պատգամավորների ընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Փաշինյանի ներկայացուցիչը՝ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ՄԻԵԴ-ում: Գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ-ի դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»,-ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանի միջնորդությանը միացավ «Հայաստան» դաշինքի շահերը ՍԴ-ում ներկայացնող Արամ Վարդևանյանը՝ նշելով, սակայն, որ իրենց միջնորդությունը թե որակապես, թե բովանդակային առումով այլ հիմքերին է վերաբերում:
«Մենք գտնում ենք, որ բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի առաջնորդների, նաև դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 10 համարներից 3-ի նկատմամբ, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Գրիգորյանի կողմից ամեն կերպ պաշտպանվում էր 300.1 հոդվածով քրեական հետապնդումը (խոսքը սամանադրական կարգի տապալման մասին է, որը ՍԴ-ն ճանաչել է անվավեր - խմբ.)»,-ասաց նա
Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել: «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։
Խուդկարյանի հետ համաձայնեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ միջնորդությունն այս փուլում ՍԴ-ի կողմից քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում: «Այդ փուլը մենք արդեն անցել ենք», - պարզաբանեց նա:
Ըստ այդմ Սահմանադրական դատարանը մերժեց Վահե Գրիգորյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործի քննությանը մասնակցելու անհնարինության մաիսն ընդդիմության միջնորդությունը:
Այժմ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։