12.12.2024
«Շուշիի համաձայնագրի»-ց հետո չի բացառվում Ադրբեջանի ներգրավումը աֆղանական գործընթացներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայկ Մարությանը որոշել է չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, որեւէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել:  Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին: Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որեւէ մեկին կընտրեն ու կկարգեն Երեւանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները եւ մարտավարությունը։ Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան եւ Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ «փոխհատուցում վճարել», սակայն Թովմասյանի մտերիմներից տեղեկացանք, որ գումարային պահանջ չի ներկայացրել․ հավանաբար, վրիպակ է: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել, եւ այն լսելի էր դարձել բոլորին։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման վերաբերյալ։ Նազարյանի արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել իրենից։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել։


«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում ակտիվորեն շրջանառվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ամենավերջին տեղը՝ 157-րդ համարը, զբաղեցնող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կա՛մ նշանակվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար, կա՛մ արտաքին գործերի փոխնախարար: Ընդ որում, այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն իր խոստում-հանձնարարականներն ուղղակիորեն չկատարելու համար այնքան նյարդայնացավ ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, որ անջատել տվեց նրա խոսափողը: Թե, ի վերջո, ո՞ր պաշտոնին է իրականում հավակնում Մ. Հայրապետյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:


– Ձեզ մամուլում արդեն իսկ նշանակել են մի քանի պաշտոնների, ին՞չ կասեք այս մասին:


– Հետևում եմ մամուլին, բայց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ:


– Իսկ կա՞ որոշում, որ գործադիր եք տեղափոխվելու:


– Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու:


– Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք խորհրդարանական աշխատանքից:


– ՉԷ, մնացած հարցերին մեկնաբանություն չունեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Երեկ «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։ «Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի այսօր։ Դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հարցին՝ քննարկվե՞լ է «Հայաստան» դաշինքի հետ մեկ միասնական հայցով դիմելու հարցը, ասաց․ «Չի քննարկվել, որովհետեւ տեխնիկապես դրանք առանձին դիմումներ են, մեկ միասնական դիմումի մեխանիզմ մեզ հայտնի չէ»։ Դաշինքների հայտնաբերած խախտումներն էլ են տարբեր։ «Սահմանադրական դատարանը դրանք կմիացնի եւ միասին կքննի, թե առանձին՝ արդեն տեխնիկայի հարց է»,- ասաց Հակոբյանը։ ՍԴ դատաքննության ժամանակ իրենց հայցը, հավանաբար, կներկայացնի Դավիթ Հարությունյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգևավճարը, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, և ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։ Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։ Ի դեպ, փոխարենը իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է և աշխատավարձը, և պարգևավճարը, և աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։ Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ։ Դատավորների մի մասն էլ մտնում է՝ մարզերից Երեւանի դատարան տեղափոխվելու խնդրանքով։ Մի խոսքով, վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները՝ 90-ականները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում, եւ իրենից կախում ունեցողները հերթ էին կանգնում նրա կաբինետի մոտ, ենթադրաբար՝ ոչ դատարկաձեռն։ Իսկ զինվորական գործերով անցնողների հարազատներն արյուն-արցունք էին թափում՝ անօրինական քննությունների պատճառով։ Մեզ ասացին՝ եթե ԲԴԽ-ի տեսախցիկները հետ շրջեն, բավական հետաքրքիր կոռուպցիոն փաստեր կհայտնաբերվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուժային կառույցերում, մի կողմից, մեդալներ ու պարգեւներ են բաժանվում, մյուս կողմից՝ ազատում են մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեում ազատումները հետաքրքիր նախապատմություն ունեն։ Մասնավորապես՝ քննիչներին ու վարչության պետերին նախապես հրավիրել են վերադասները եւ ասել, որ պետք է պատրաստ լինեն, քանի որ անկանխատեսելի իրադարձություններ եւ պաշտոնից ազատումներ են սպասվում։ Ուշագրավ է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր, որ ազատումներ են լինելու, շատ քննիչներ ու այլ պաշտոնյաներ փորձել են հասկանալ վերադասներից, թե ում է խոսքը վերաբերում: Բանն այն է, որ գործընթացը գաղտնի է եղել, եւ այդ ազատված անձինք հստակ չեն իմացել, որ հենց իրենք են ազատվելու աշխատանքից։ Ավելին, աշխատանքից ազատված պաշտոնյաներն աղմկահարույց գործեր քննած անձինք են, որոնք ծառայություն են մատուցել, մտածել են առաջընթաց կունենան, բայց գործազուրկ են դարձել: Նրանց անունները կհրապարակենք առաջիկայում»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մինչ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծել է ագրեսիայի միջոցով, ԱՄՆ-ի արդեն 10-րդ նահանգի՝ Նյու Ջերսիի Սենատը երկու օր առաջ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց: Այն բաց եւ ուղղաձիգ ուղերձ է ադրբեջանաթուրքական զույգին, ըստ որի՝ ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիայի 1994 թ. տրամաբանական ավարտ դարձած հայկական կողմի հաղթանակից, այնպես էլ 2020-ին հրահրած պատերազմից հետո Արցախի հիմնահարցը չի լուծվել: Այն լուծված չէ մի պարզ պատճառով, որ հակամարտության հիմքը՝ Արցախի ժողովրդի հռչակած ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ: Հետեւաբար, գոնե հետպատերազմյան կայունություն ապահովելու համար պաշտոնական Բաքուն ստիպված է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն սկսելու եւ կոմունիկացիաները բացելու գործընթացի հիմքում չդնել իր տարածքային ամբողջականության ճանաչման պայմանը, այլ պետք է ականջալուր լինել Արցախի հիմնահարցի քաղաքական ու հիմնարար լուծման բանակցություններ սկսելու հորդորներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միեւնույնն է, շարունակում է մտահոգիչ ձեւով քիչ լինել: Նշենք, որ մինչեւ այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, եւ Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Նկատենք՝ պատվաստումներն արվում են անձնագրային տվյալներով, եւ անհնար է չպարզել՝ պատվաստվողը ինչ ազգություն կամ քաղաքացիություն ունի: Իրականում, այո, պատվաստումներ են արվել մեծ թվով օտարերկրացիների: Ստացվում է, որ օտարերկրացիները ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստումներ են ստանում ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել: Պատվաստանյութերը թերեւս կարճ ժամկետ ունեն եւ արագ սպառման անհրաժեշտություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձեւ, համարակալում եւ այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաեւ կայքից կհեռացվի օգտակար հանածոների եւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը եւս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղեւորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց եւ ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր: