Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի սահմանամերձ շրջաններին աջակցելու համար
Այսօր՝ հունիսի 30-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ առավել խոցելի համայնքներին եւ քաղաքացիներին, այդ թվում՝ տեղահանված անձանց, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի սահմանամերձ շրջաններում աջակցելու նախագծի մեկնարկի նպատակով:
3,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից եւ իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
«Ծրագրի հիմնական նպատակներից է աջակցել հայ հասարակությանը հետկոնֆլիկտային սթրեսի հաղթահարման գործում, վերականգնել վստահության մթնոլորտն ու առաջ շարժվելու ցանկությունը։ Մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, դրան մեծ նշանակություն ենք տալիս։ Այս նախաձեռնությունը Ռուսաստանի շարունակական աջակցության հերթական քայլն է Հայաստանի համալիր, սոցիալ-տնտեսական զարգացման գործում», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
ՄԱԶԾ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը կայուն զարգացման, գյուղական զբոսաշրջության, կլիմայի փոփոխության, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ոլորտներում հաջող գործընկերության փորձ ունեն: Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: