Հարցված քաղաքացիների 38,7 տոկոսը կարծում է, որ Հայաստանում հունիսի 20-ին միանշանակ արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել: Հարցվածների 20.1 տոկոսը կարծում է, որ դրանք «ավելի շուտ» արդար ու թափանցիկ են եղել, իսկ հարցվածների 17,9 տոկոսը նշել է՝ «միանշանակ ոչ»: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա նշեց, որ հարցվածների 38.8 տոկոսը նշել է, որ քվեարկել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին, 24.2 տոկոսը իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, 6.8 տոկոսը նշել է, թե քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, իսկ 4,4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին:
Հարցվածների 1.4 տոկոսը փչացրել է քվեաթերթիկը:
Նա նաև անդրադարձավ այն խնդրին, թե ինչպես է այդպես ստացվում, որ քարոզարշավի ընթացքում որոշ ուժերի բարձր արդյունքներ էին իրենց հարցումները արձանագրել.
«Մենք պատասխանատու ենք մեր հարցումների համար, խնդիր չունենք բացատրելու, թե ինչպես է իշխող ուժն արձանագրել բարձր ցուցանիշ: Հարցվածների 28.7 տոկոսն ասել էր, որ քվեարկելու է «Հայաստան դաշինքի» օգտին, բայց ընտրություններում արձանագրվել է 21.09 տոկոս: Նույն պատկերը նաև «Պատիվ ունեմ» դաշինքի մոտ է՝ 5.58 տոկոսով նվազում: Իսկ բացատրությունը հետևյալն է՝ ոստիկանության և ԱԱԾ կողմից տեղի ունեցան ակտիվ գործողություններ, և ԲՀԿ-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստների շրջանում եղան ձերբակալումներ: Կարծում եմ, եթե իրենք այդ գործողություններն արել են, արել են ամենաակտիվ անդամների հետ կապված», - ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» նման նվազ արդյունք արձանագրել, ի տարբերություն հարցումների, Նավասարդյանն ասաց, որ տեղի է ունեցել ԼՀԿ-ի ընտրողների միգրացիա՝ դեպի իշխող ուժ: Թեև այս միտումը նկատելի է նաև այլ ուժերի ընտրողների մոտ ևս: