ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան չի դիմի
Հայ Ազգային Կոնգրեսը, թեև արձանագրել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, Սահմանադրական դատարան չի դիմի:
«Սահմանադրական դատարան չենք դիմելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Ավելի վաղ կուսակցությունն ընտրություններն անվանել էր ազատ և արդար լինեուց շատ հեռու:
«Չնայած բազմաթիվ խոստումներին ու երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այդ քննությունը՝ արգելափակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին», - ասվում էր ՀԱԿ հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 593 հազար 572 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն եւ 4 դաշինք, ընդամենը 2510 թեկնածու:
Ըստ ԿԸՀ-ի ամփոփ տվյալների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,09 տոկոս:
Ընդ որում, ՀԱԿ կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց արգելքը։