«Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:
«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք մոտ 200,000 քվեի հետ, ինչն ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:
Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»,-ասվում է գրառման մեջ:
ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ դիմումները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նախագահությամբ Տիգրան Մուկուչյանի, մերժել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված դիմումները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, քանի որ, ըստ ԿԸՀ եզրակացության, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։