Կառավարությունում դժգոհ են Հայկ Մարությանից. նրա նկատմամբ հստակ վերաբերմունք է ձևավորվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհ են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցություն չի հայտնել կառավարող կուսակցությանը: Նրան հիշեցնում են, որ Մարությանը դարձել է քաղաքապետ կառավարող ուժի առաջկցությամբ:
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է այն լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից և նրան փոխարինող է պատրաստվում:
Արայիկ Հարությունյանը ցավ է հայտնել, որ Հայկ Մարությանն «այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ»: «Որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն», - ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, «սա հստակ կարող եմ ասել»:
Հարցին՝ հստակ վերաբերմունք է ձևավորվե՞լ նրա նկատմամբ, Արայիկ Հարությունյանը դրական է պատասխանել. «Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»: