Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 23-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց:
Տվյալ որոշմամբ դատարանը բավարարեց նախաքննական մարմնի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։
Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։ Ըստ դատարանի որոշման՝ կալանավորման հիմքերն առկա են, իսկ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։
Հիշեցնենք, որ հունիսի18-ին հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։
Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։
Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):
Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին և ազատ արձակվել ընտրություննեի օրը՝ հունիսի 20-ին:
«Հայաստան» դաշինքն ու Արմեն Չարչյանի փաստաբանները չեն ընդունում նրան առաջադրված մեղադրանքը՝ գնահատելով այն, որպես քաղաքական հետապնդում: