Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշը կրկին աճում է. Գայանե Սահակյան
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ներկայում կայուն է, սակայն բացասական կանխատեսումով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ նկատվում է վիրուսի վերարտադրման ցուցանիշի աճ:
«Մեզ մոտ պահ էր եկել, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել էր 0.4-ի, բայց վերջին 14 օրվա կտրվածքով տեսնում ենք, որ այդ ցուցանիշը դանդաղ տեմպերով աճում է: Վերջին 7 օրվա ընթացքում այս ցուցանիշը հասել է 1.1-ի»,- ասաց Գայանե Սահակյանը: Ըստ նրա՝ այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ առաջիկայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճ է նկատվելու: Աճը կանխատեսվում է սկզբում դանդաղ, հետո կտրուկ տեմպով: Մասնագետները սպասում են շաբաթվա կտրվածքով 600 նոր դեպք: Սովորաբար 30 տոկոսը հոսպիտալացվում է, դա նշանակում է, որ 180 հոսպիտալացման դեպք կունենանք:
Կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում համաճակարային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները, և դա նոր չարիք է դառնում աշխարհի երկրների համար: Կորոնավիրուսի հնդկական շտամը հասել է Ռուսաստան և մուտացիայի ենթարկվել: Այս շրջանում բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, և չի բացառվում, որ այս նոր շտամը գրանցվի նաև ՀՀ-ում: Գայանե Սահակյանը նշեց, որ այս նոր շտամի վարակելիությունն ավելի ակտիվ է: Վարակի տարածման ինտենսիվությունը մեծ է մոտ երկու անգամ:
Գայանե Սահակյանը նկատեց, որ սահմանափակումներն ամբողջ աշխարհում շարունակվում են, նույնիսկ պատվաստումների գործընթացին զուգահեռ: Օրինակ, Անգլիան լոքդաունի ժամկետը երկարաձգել է: Չիլիում 58 տոկոսով պատվաստումների գործընթացն ապահովել են, սակայն սահմանափակումները դեռ պահպանվում են: