Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին ինձ համար, քանի որ բոլոր հարցումները այլ պատկեր էին ցույց տալիս: Այդ թվում Gallup-ի, որին չի կարելի մեղադրել իմ հանդեպ սիմպատիա ունենալու մեջ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա կրկնեց իրենց որոշումը դիմել Սահմանադրական դատարան և տեղեկացրեց, որ հիմա իրենց շտաբերի կողմից հավաքագրվում են բոլոր տվյալները, որպեսզի հասկանան, թե ինչ ծավալների է լինելու ՍԴ ներկայացվելիք բողոքը:
Ինչ վերաբերում է հիասթափությանը, ապա նա հայտարարեց՝ չկա նման բան.
"Համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխախությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ շատ ավելի մարդաշատ, և՛ շատ ավելի մեծ էներգետիկայով: Իմ տպավորությունն այն է, որ մեր դեմ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, ինչն էլ ավելի ուժեղացավ այն փաստից, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին: Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, ժամանակը քիչ էր, իսկ իշխանությունն էլ կենտրոնացել էր գյուղերի վրա: Մարդիկ վերջին պահին, մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին ու քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին: Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում , որ նրանք ճիշտ են գնահատում իրավիճակը: Հիմա շատ քննարկումներ են գնում՝ կրել ենք, պարտվել ենք, նաև մեր կողմնակիցների մոտ եմ տրամադրությունների անկման միտում տեսնում, բայց սա նախագահական ընտրություններ չեն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթում են բոլոր նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան: Այս ընտրությունների բնույթն է այդպիսին",- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ իրենց ուժը պայքարը շարունակելու համար շատ լուրջ հնարավորություններ ստացավ: Նաև խոսեց հետագայի մասին.
"Մենք շարունակելու ենք մեր պայքարը, և խորհրդարանական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է փողոցային պայքարը: Կարծում եմ, որ համատեղումը միայն կուժեղացնի մեր հնարավորությունները: Այս ընտրւթյունները փոխեցին քաղաքական լանդշաֆտը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի: Մենք այս տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք և դրա բոլոր հնարավորություններն ու ներուժն ունենք",- ասաց նախկին նախագահը:
Գործող իշխանությունները, ասաց նա, համոզված են, որ ժողովուրդն աջակցում է այն գործողություններին, որոնք անցած երեք տարիներին կատարել են, բայց այլ իրավիճակ է: Եվ եթե իշխանությունները նույն կերպ շարունակեն, ապա իրենց պայքարը կթեթևանա.
"Եթե նույն կերպով շարունակեն, ապա Հայաստանը շուտով կանգնելու է նոր արտահերթ ընտրությունների առջև և դա այդքան էլ ուշ տեղի չի ունենալու",- վստահություն հայտնեց Քոչարյանը:
Նա նշեց, որ իրենց թիմը գնում է խորհրդարան, ոչ թե ուղղակի մանդատեր վերցնելու, այլ ապագայում ամբողջական իշխանությունը վերցնելու համար: «Մենք հիմա վերցրել ենք առաջին խրամատները և գնում ենք ամբողջական իշխանություն վերցնելու ճանապարհով», - ասաց նա: