25.11.2024
«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով 16 քաղաքացի,10-ը` երեխա. ԱՆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին հարգել ՀՀ-ում ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այդ մասին ասված է Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: 


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական գնահատականով ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաեւ ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:


Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունը ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, եւ գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:


Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում:


Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը շարունակական աջակցության համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը»: