23.11.2024
Հաշվարկն ավարտվում է. ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը չի ընդունում արդյունքները
prev Նախորդ նորություն

«Հայաստան» դաշինքը չի ընդունում ընտրությունների նախնական արդյունքները

Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Այդ մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:


«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», - նշված է հայտարարությունում:


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 20-ին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը (կամ 1281174 քաղաքացի):


Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է 1996 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքները (տեղմասերի թիվը 2008 է): Նախնական տվյալներով՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ստացել է քվեների 54,03%-ը, «Հայաստան» Դաշինք՝ 20,97%-ը, «Պատիվ ունեմ» դաշինք - 5,21%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3,96%-ը, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ - 1,22%-ը և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 1,54%-ը: