ԳՇ-ն դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԶՈւ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։
«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլում է նրանց ցանկությունը, թե ոչ։
Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- նշեց գնդապետ Սամվել Ասատրյանը։
Մինչ այդ Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ ՊԲ-ում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը դատապարտում է բոլոր նման միտումները և նշում է, որ մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։