Որոշ պաշտոնյաներ հրահանգել են հիվանդանոցներին հավաքագրել պացիենտների տվյալները. Չարչյան
Ստացել եմ հավաստի տեղեկություններ, որ Առողջապահական համակարգի որոշ պետական պաշտոնյաներ հրահանգել են հիվանդանոցների տնօրեններին հավաքագրել և իրենց տրամադրել Ձեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ առողջապահական կազմակերպությունների տնօրեններին հասցեագրված ուղերձում:
«Խնդրում և կոչ եմ անում Ձեզ, չենթարկվել այդ արկածախնդիր պաշտոնյաների անօրինական հրահանգներին և չկատարել քրեորեն պատժելի արարք:
Հիշեցնում եմ Ձեզ, որ պացիենտի անհատական, առավել ևս անձնագրային տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք, պաշտպանված են օրենքով և դրանց հավաքագրումը և տրամադրումը երրորդ անձի, հանդիսանում է հանցագործություն: Ես հետևողական եմ լինելու բացահայտելու, թե որ տնօրեններն են այդ հրահանգը կատարել և կարճ ժամանակ անց, նրանք կպատժվեն օերնքի ողջ խստությմաբ:
Մենք պետք է բարձր պահենք բժշկի մեր պատիվն ու առաքելությունը և միասին վերակառուցենք մեր Հայաստանը»,- ասված է հայտարարության մեջ: