Զոհրաբյան. Շատ մեծ ակնկալիք ԵԽԽՎ-ից չպետք է ունենանք
Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո սա թեև առաջին նստաշրջանը չէ, սակայն իր կարևորությունը դրանից չի պակասում: VERELQ-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը իր առջև նախանշած խնդիրները լավ գիտի: Դա է՝ ապրիլին երկրորդ պատերազմը սանձազերծած Ադրբեջանի կողմից ԴԱԻՇ-ին գերազանցող վայրագությունների ոճով կատարվածը ԵԽԽՎ կողմից ռազմական հանցագործություն որակելը, և այլն.
«Օրերս ԵԽ Ընդդեմ ռասիզմի և խտրականության հանձնաժողովը հրապարակեց մի շատ կարևոր զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում Ադրբեջանի քաղաքական էլիտայի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի կրթական համակարգում ու լրատվամիջոցներում հակահայության քարոզին՝ դա համարելով բացարձակ անընդունելի»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ադրբեջանական դասագրքերից ինքն էլ կոնկրետ օրինակներ է ուղարկել նույն այդ հանձնաժողովին, այնպես որ շատ կարևորում է, որ թեև մեծ ուշացումով, բայց Ընդդեմ ռասիզմի ու անհանդուրժողականության հանձնաժողովը անդրադարձել է Ադրբեջանի կրթական համակարգում ընդդեմ հայության ատելության քարոզին՝ նշելով, որ այն շատ վտանգավոր է և այն ադրբեջանական սերունդը դաստիարակում է ռամիլսաֆարովյան սինդրոմով: Բերեց նաև օրինակ ադրբեջանական դասագրքերից.
«Օրինակ, 9-րդ դասարանի անատոմիա առարկայի դասագրքում վարժություն է. ե՞րբ է հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 168-ի: Տրված են տարբերակներ, երեխան պետք է ընտրի ճիշտ պատասխանը, որն էլ ասում է, որ զարկերը հասնում են 168-ի, երբ ադրբեջանուհին Ղարաբաղի լեռներում փախչում է մարդասպան հայերից: Եվ նման «ահասարսուռ» օրինակները առկա են բոլոր դասագքրերում»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մշտապես ասել է՝ շատ մեծ ակնկալիք ԵԽԽՎ-ից չպետք է ունենանք, որովհետև այդ կառույցի որոշումները որևէ իրավական ուժ ունեն, դրանք ընդամենը խորհրդատվական բնույթի բանաձևեր են և երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը վաղուց արդեն Ադրբեջանի լավագույն լոբբիստական հարթակներից մեկն է: Բայց դա բացարձակ հայկական պատվիրակությանը մինչ օրս չի կաշկանդել և այսօր էլ չի կաշկանդում՝ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրները բարձրաձայնելու համար: