Նիկոլ Փաշինյանը հայտնել է 15 հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հայ ռազմագերիներից 15-ին: Նրանք վերադառնում են Հայաստան: Այս մասին Կարմիր գյուղում քարոզարշավը մեկնարկելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Լավ լուր ունեմ, մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Այս պահին մեր խնդիրն է նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան», - հայտարարել է Փաշինյանը:
Մինչ այդ ադրբեջանական Meydan TV, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հայտնել էր, որ երկարատեւ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 գերիների՝ ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։
Նշվում է, որ գերիները հանձնվել են Հայաստանին՝ հայ-վրացական սահմանին վրացի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Ադրբեջանը 15 ձերբակալված հայերի է փոխանցում՝ ադրբեջանական կողմին Աղդամի շրջանում 97 000 հակատանկային եւ հակահետեւակային ականների քարտեզները տրամադրելու դիմաց: Փոխանակումը տեղի է ունեցել այսօր ադրբեջանա-վրացական սահմանին», - ասված է հայտարարության մեջ։