Բաքուն չպետք է ճանապարհային միջանցք ստանա Հայաստանի տարածքում. Մարուքյան
Ադրբեջանական կողմին Հայաստանի տարածքով ոչ մի ճանապարհային միջանցք չպետք է տրամադրվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։
Մարուքյանի խոսքով, եթե խոսքը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին է, ապա, անշուշտ, վաղ թե ուշ, դա պետք է տեղի ունենա։ Բայց նա կտրականապես դեմ է արտահայտվել Հայաստանի տարածքում Ադրբեջանին որևէ միջանցք տրամադրելուն։ «Ես չգիտեմ, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, ես տեղեկություն չունեմ։ Հարցրեք իշխող դաշինքի ներկայացուցիչներին, թե ինչպես են նրանք վարում են բանակցությունները, եւ ինչի մասին են խոսում», - հայտարարել է նա:
Նախօրեին՝ մայիսի 30-ին, Ալիևը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Դա քննարկվում է աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ»։ Ալիևն ընդգծել է, որ Նախիջևանի երկաթուղու զգալի մասն արդեն գործում է։ Ընդ որում, հայկական տարածքում պետք է կառուցվի Զանգեզուրի միջանցքի առանցքային մասը։ Նա հայտարարել է, որ այդ միջանցքի ապահովման նախագիծը կարող է իրականացվել առաջիկա 2-2.5 տարում։
Մեկնաբանելով Բաքվի դրական արձագանքը սահմանազատման եւ դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկին՝ Մարուքյանը նշել է, որ նման հանձնաժողով վաղ թե ուշ կձեւավորվի, այլ հարց է, թե ինչ լիազորություններ կունենա այն եւ արդյոք դրա որոշումները ենթակա կլինեն ՍԴ–ում ուսումնասիրման եւ խորհրդարանում վավերացման: «Այս պահին հանձնաժողով չի ստեղծվել, ԱԺ հրավիրած արտահերթ նիստից հետո այս հարցում որևէ առաջընթաց չկա»,-հայտարարեց Մարուքյանը: