Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 28-ին, իր համակիրների հետ հանդիպմանն ընդունել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում եղել է Մեղրիի միջանցքի, 7 անկլավային գյուղերի վերադարձի թեմա, սակայն ինքը հրաժարվել է դա ստորագրել:
«Այո, Մեղրիի թեմա է եղել նաև Նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել Տավուշի յոթ գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Բայց ես ասել եմ՝ չեմ ստորագրի, դա ուղղակի բացառված է, ինչ ուզում է լինի», - իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այնուհետև այդ կետը հանվել է։ «Իսկ եթե ես չստորագրեի արդեն նոյեմբերի 9-ի թուղթը, մեր բանակը, 30 հազարանոց, հայտնվելու էր շրջափակման մեջ։ Եթե հիմա բանը արդեն եկել սրան է հասել, ուրեմն պետք է իմ ասելիքն ասեմ։ Էս ինչ-որ տեղի է ունեցել, իրենց բանակցածն է»,- հայտնել է վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով, Ադրբեջանն ասում է՝ թող Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ նկատի ունենալով Ղարաբաղը, Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Դրա պատասխանը տվել են համանախագահները եւ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, ով ասել է՝ դա ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ», - հիշեցրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ղարաբաղի հարցի հետ ի՞նչ կապ ունի, թե Արարատի ու Սադարակի արանքով սահմանը ոնց է անցնում։ Անկլավների թեման անընդհատ մեր դեմ օգտագործում են, այդ թեման եղել է օրակարգում միշտ։ Եվ Մեղրիի փոխանակման ծրագիրը, որ ուշադիր կարդաք, այդտեղ կտեսնեք, որ բացի Մեղրի, Շուշի, Լաչին, Ղարաբաղ արտահայտություններից՝ կա նաեւ անկլավներ արտահայտությունը։ Հիմա ասում են՝ վայ տալիս են. ի՞նչ ենք տալիս, ու՞մ ենք տալիս։ Մենք ունենք պատկերացում, որ միջազգային պրակտիկա կա, որ անկլավային տարածքները պարիտետային սզկբունքով՝ Արծվաշենը մնում է Ձեր տիրապետության տակ, Տիգրանաշենը՝ մնում է մեր տիրապետության տակ. բանաձեւն է, որը մենք առաջարկելու ենք», - ասաց Փաշինյանը։
«Այնպիսի տպավորություն են ստեղծում, թե իշխանությունը անկլավների թեման բերել է մեջտեղ», - դժգոհել է Փաշինյանը՝ մոռանալով, որ հենց ինքն է օրեր առաջ ԱԺ ամբիոնից խոսել Տավուշի անկլավների ու Տիգրանաշենի մասին և նկատել, որ այդ խնդրով պետք է քննարկի ապագայում սահմանագծման հարցով զբաղվող հանձնաժողովը: Ի դեպ, Ադրբեջանի հետ ՌԴ-ի միջնորդությամբ սահմանագծման հարցերով հանձնաժողովի ձևավորման մասին փաստաթղթի նախագիծն արդեն իսկ հրապարակվել է մամուլում, որի իսկությունը հաստատել է Փաշինյանն ու անվանել այն «100 տոկոսով Հայաստանի շահերին համապատասխանող»:
«Գնացեք նայեք հրապարակված Մեղրիի փաստաթուղթը, որով Մեղրին տալիս էին եւ այնտեղ անկլվաներ ձեւակերպումը տրված է», - դիմելով իր համակիրներին ասել է վարչապետի պաշտոնակատարը։
«Հանրապետականները այսօր ասում են՝ Տիգրանաշենը, Քյարքին իբր այս իշխանությունը տալիս է. հիմա ես ձեզ ասում եմ փաստ, որը ապացուցելի է. 2010 թվականից սկսվել է հյուսիս-հարավ ծրագիրը, եւ որոշվել է այդ ճանապարհը ոնց պետք է անցնի եւ ըստ այսօր մեզ մեղադրող նախկին Կառավարության ներկայացուցիչների նախագծի՝ Արտաշատից հետո հյուսիս-հարավը ոչ թե գնում է հասնում Երասխ, հետո Պարույր Սեւակ, այլ մտնում է Վեդիից Ուրցաձորով դուրս գալիս Զանգակատան ներքեւ եւ դրա արդյունքում՝ նախագիծը մոտ 100 միլիոն դոլարով թանկանում է. բա ինչի՞ եք տենց նախագծել, ինչի՞ եք նախագիծը տարել մտցրել սարեր, չոլեր։ Իրենց թվում է մենք անընդհատ սուս ենք մնալու», - ասել է Փաշինյանը։